29 հուլիսի 2012 - 15:48 AMT
Սկսվել են «Հայաստանի փոքրիկ երգիչների» շրջագայությունները Ճապոնիայում

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» (ՀՓԵ) մանկական երգչախումբը սկսել է իր համերգային շրջագայությունները Ճապոնիայում: Ինչպես հայտնում է երգչախմբի մամլո ծառայությունը, 40 օրերի ընթացքում երգչախումբը ելույթ է ունենալու 18 քաղաքներում` ներկայացնելով հայ և համաշխարհային երգարվեստի գոհարները:

Տիգրան Հեքեքյանի ղեկավարած ՀՓԵ երգչախումբը Ճապոնիայում համերգային լայնամասշտաբ շրջագայության հրավերը ստացել է ճապոնական հայտնի «Մին Օն» կազմակերպությունից, որը Ճապոնիայում տարեկան 1000-ից ավելի համերգ է կազմակերպում, որոնց մեկ երրորդը հրավիրված խմբեր և մենակատարներ են աշխարհի տարբեր երկրներից: Կազմակերպությունն առաջնորդվում է հստակ սկզբունքով. հրավիրված խմբերն ու երաժիշտները, բացի համապատասխան համբավից և ճանաչումից, պետք է կարգով ավելի բարձր լինեն, քան նմանատիպ ճապոնական խմբերը:

«Հայաստանի Փոքրիկ Երգիչների» այս 40-օրյա շրջագայությունն իր մեծությամբ, նշանակալիությամբ և կազմակերպվածության բարձր մակարդակով կարող է համեմատվել, թերևս, միայն 1995- ին Եվրոպայի մի քանի երկրներում և ԱՄՆ-ի 20 նահանգներում երգչախմբի ունեցած 50 –օրյա հաղթարշավի հետ:

Շրջագայությունը նվիրված է հայ – ճապոնական դիվանագիտական հարաբերությունների 20 – ամյակին և հայ գրատպության 500 – ամյակին: Երգչախումբը Հայաստան կվերադառնա օգոստոսի 14 - ին: