«Նոր ալիք 2012» Երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի հաղթողներին այսօր Յուրմալայում մրցանակներ կհանձնեն «Ձինտարի» համերգասրահում կայանալիք գալա-համերգի ժամանակ՝ նվիրված փառատոնի փակմանը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, մրցույթի փակման արարողությանը ելույթ կունենան պատվավոր հյուրեր՝ կանադացի երգչուհի Նելլի Ֆուռտադոն և կորեացի օպերային աստղ Սումի Ջոն:
«Նոր ալիք» մրցույթի երեք հաղթողները կստանան դիպլոմ, «Բյուրեղապակյա ալիք» մրցանակ սպիտակ բյուրեղապակուց և դրամական պարգև:
2012թ. մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո և կբաշխվի հետևյալ կերպ՝ առաջին տեղ՝ 50 հազար եվրո, երկրորդ տեղ՝ 30 հազար եվրո և երրորդ տեղ՝ 20 հազար եվրո:
Հատուկ մրցանակներ կհանձնվեն հետևյալ անվանակարգերում՝ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակ «Ձինտարի» համերգասրահում sms քվեարկության արդյունքներով (հաղթողը կստանա «Ադամանդե ալիք» արժեքավոր մրցանակ «Սմոլենսկի ադամանդներ» ընկերությունից) և ՄՈՒԶ ՏՎ ալիքի մրցանակ: Հատուկ մրցանակ Ալլա Պուգաչովայից («Ոսկե աստղ» և 50 հազար եվրոյի չափով դրամական պարգև), որը Պրիմադոննան սահմանել է 2005 թվականին, այս տարի չի հանձնվի, քանի որ երգչուհին ներկա չէ:
Հայաստանը մրցույթում ներկայացնում է Սուրեն Առուստամյանը: «Բյուրեղապակյա ալիքի» համար պայքարում են 16 մասնակիցներ 14 երկրներից:
Փառատոնն ընթանում է Յուրմալա լատվիական քաղաքում հուլիսի 24-ից 29-ը:
Տարբեր տարիներին Հայաստանը մրցույթում ներկայացրել են երգիչներ Էմմին, Ռազմիկ Ամյանը, Մհերը և այլք: 2010թ. մրցույթում հաղթեց Հայաստանը ներկայացնող Սոնա Շահգելդյանը, իսկ 2011-ին հայաստանցի Էրիկն արժանացավ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: