Սիրիահայերից շատերը ցանկանում են վերադառնալ Հայաստան, բաց չեն կարողանում. Բնակվելու տեղ չունեն: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց «Սիրիահայերի աջակցության և օգնության էջ»-ի ակտիվիստներից Մայքլ Բաբայանը, հավելելով, որ իրենց արդեն դիմել է երկու ընտանիք, ովքեր հայրենադարձվելու և Հայաստանում բնակվելու տեղ չունեն:
«Սիրիայում կա 2 ընտանիք, ովքեր ցանկանում են գալ Հայաստան: Ընտանիքներից մեկում կինը հղի է, մյուսում՝ 2 փոքրիկ երեխաներ կան: Բնակարանային խնդիրների պատճառով նրանք չեն կարողանում վերջնական որոշում կայացնել` գալ Հայաստան, թե՝ ոչ», - տեղեկացրեց ակտիվիստը:
Մայքլի հավաստմամբ` ընտանիքների հայրենադարձության հիմնական խնդիրը բնակարանայինն է: «Ընտանիքները հուսով են, որ գոնե սկզբնական շրջանում կկարողանան անվճար բնակարանում տեղավորվել, մինչև կարողանան հաստատվել և կարգավորել ամեն ինչ ինքնուրույն», - ասաց երիտասարդը:
Այս հանգստյան օրերին Սիրիայի Հալեպ քաղաքից մեկնել է շուրջ 200 հազար մարդ: Քաղաքում մարտեր են գնում նախագահ Ասադի զորքերի ու ընդդիմության ուժերի միջև: