1 օգոստոսի 2012 - 13:02 AMT
ԿԱՐԾԻՔ
«Սովորական» ադրբեջանական ֆաշիզմ

Երբ անցած ամիս ես հարցազրույց էի պատրաստում փորձագետ Անժելա Էլիբեգովայի հետ և նա հայտարարեց, որ Հայաստանում չեն պատկերացնում, թե ինչ է իրենից ներկայացնում ժամանակակից ադրբեջանական հասարակությունը, և որ ծանոթանալու դեպքում շատերը մշակութային ու հոգեբանական շոկ կապրեն, ինձ թվում էր, որ դա չափազանցություն է: Սակայն, երեկ ինտերնետում ես մի լրատվության հանդիպեցի, որը լիովին հաստատեց փորձագետի խոսքերը:

Մոսկվայաբնակ ադրբեջանցի էքստրասենս Զիրադդին Ռզաևը որը հայտնի դարձավ «Էքստրասենսների ճակատամարտ» հետուստածրագրին մասնակցելուց հետո, մեկնաբանել է ANSPRESS-ին Առաջին ռուսական ալիքի «Արի ամուսնանանք» ծրագրին հայազգի կատարող Մարտ Ռոմանովի (Ռադիկ Բաբայան) հետ մասնակցելուց հետո նրա անվան շուրջ ստեղծված իրավիճակը:

Հաղորդման ժամանակ Մարտ Ռոմանովը ներկայացրել է Ռզաևին որպես խնամախոս՝ իր ընկերն անվանելով նրան: Դա մեծ արձագանք է ստացել Ադրբեջանում և երկար քննարկման առարկա դարձել սոցցանցերում:

«Մարտ Ռոմանովն իմ ընկերը չէ, ես միայն ծանոթ եմ նրա հետ: Ես շատ ծանոթ կատարողներ ունեմ: Երգիչը ռուսական ազգանուն ունի: Պարզվում է, նրա հայրը հայ է: Ի՞նչ իմանայի, որ նախկինում նա հայկական ազգանում է կրել, «յան վերջավորությամբ: Ասեկոսեներ տարածվեցին, որ Զիրադդինը հայերի հետ միասին հանդես է գալիս հեռուստաեթերում: Ցանկանում եմ հայտարարել, որ ես հայերի հետ ընկերություն չեմ անում»,-ասել է Ռզաևը:

Այսպիսով Ռզաևը բացահայտորեն խոստովանել է, որ մարդու հետ շփվելիս նրա համար կարևոր են ոչ թե նրա անձնական հատկությունները, այլ այն, թե նրա ազգանունը «յանով» է վերջանում թե ոչ: Ընդ որում, եթե Ադրբեջանի բնակչից նման արձագանքը սպասելի է, դա կարելի է ինչ-րո տեղ հասկանալ, հաշվի առնելով այնտեղ պետական մակարդակով տիրող հակահայկական քարոզչությունը, ապա համայնքի ներկայացուցչի համար նման ֆաշիստական արձագանքը զարմանալի է: Գաղտնիք չէ, որ արտասահմանում բնակվող հայերն ու ադրբեջանցիները առավել հանգիստ հարաբերություներ ունեն, պայմանավորված ընդհանուր խնդիրներով, ոմանք նույնիսկ գործարար կապեր ունեն, և չկա այնպիսի սուր թշնամանք ինչպես Հայաստանի ու Ադրբեջանի բնակիչների միջև:

Թեև, հարկ է նշել, ր Հայաստանում, նույնիսկ չլուծված ղարաբաղյան հակամարտության առկայության պայմաններում, ադրբեջանական ազգանունով մարդը հանգիստ կարող է մուտք գործել երկիր և նրան հաշվեհարդար չի սպառնա փողոցում: Տարբեր երկրների քաղաքացիների հետ կապված սկանդալները, որոնց արգելվում է մուտքը Ադրբեջան միայն այն պատճառով, որ նրանց ազգանունն ավարտվում է «յանով», կարծում եմ, հիշեցնել պետք չէ:

Այնպես որ կարելի է ափսոսանքով արձանագրել, որ Ռզաևի հայտարարությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Ռամիլ Սաֆարովի «գործը» ողջ է և «բարգավաճում» է ադրբեջանցիների մոտ: Իսկ մենք, «յանով» ազգանուն կրողներս, պետք է առավել զգուշավոր լինենք նման «հումանիստների» հետ շփվելիս, որոնք բնակվում են հարևան հանրապետությունում:

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News