1 օգոստոսի 2012 - 16:30 AMT
Անահիտ Ադամյան. Սիրիահայերը վախենում են, որ չեն կարողանա վերադառնալ Սիրիա իշխանափոխության դեպքում

Սիրիան գտնվում է քաոսային վիճակում, բայց սիրիահայությանը դեռ վտանգ չի սպառնացել: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց գրող-հրապարակախոս, ֆեյսբուքյան «Սիրիահայերի աջակցության և օգնության էջ» անկախ նախաձեռնության հիմնադիր-ղեկավար Անահիտ Ադամյանը, փոխանցելով օգնության համար իրենց դիմող սիրիահայերի վկայությունները: Ադամյանի խոսքով` իրենց դեռ վտանգ չի սպառնացել, քանի որ «չեզոք դիրք են գրավել»:

«Ասում են, որ էլ չեն կարողանա վերադառնալ Սիրիա, քանի որ, եթե իշխանությունը փոխվի, ապա բոլոր ազգային փոքրամասնություններին դուրս կվռնդեն երկրից», - ասաց Անահիտ Ադամյանը:

Հրապարակախոսի խոսքով` սիրիահայերից շատերը կարծում են, որ եթե Հալեպն ընկնի, ապա կընկնի նաև Դամասկոսը, և Սիրիայում գործող իշխանությունը կտապալվի:

«Նրանք վախենում են, որ եթե ապստամբները գրավեն Հալեպը, ապա կարող է հաշվեհարդար տեսնեն տեղի հայերի և այլ ազգերի ներկայացուցիչների հետ», - նշեց Ադամյանը: