1 օգոստոսի 2012 - 19:15 AMT
ՀՀ վարչապետը ծանոթացել է Շիրակի մարզում ցորենի էլիտային սորտերի բերքահավաքի ընթացքին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Շիրակի մարզ` «Գյումրու սելեկցիոն կայան» ՓԲԸ-ում 2011-2012 թթ. ընթացքում իրականացված գյուղատնտեսական աշխատանքներին ծանոթանալու նպատակով:

«Գյումրու սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբիկ Կարախանյանը ՀՀ վարչապետին է ներկայացրել հացահատիկի բերքահավաքի, աշնանացան ցորենի էլիտային և առաջին վերարտադրության սերմացուներով ցանքերի աշխատանքների ընթացքը: ««Գյումրու սելեկցիոն կայանի» զարգացումը և կայացումը մեզ համար էական նշանակություն ունի, որպեսզի կարողանանք Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում արդիականացնել սերմացուն»,-նշել է վարչապետը ՀՀ կառավարության անդամների և ՀՀ մարզպետների մասնակցությամբ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում:

2012 թ. համար հացահատիկային մշակաբույսերի սպասվելիք համախառն բերքը կանխատեսվում է 9400 ցենտներ` 2011 թ. 7100 ցենտների համեմատ: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հավասարաչափ բաշխել բարձր վերարտադրության սերմերը` ըստ մարզերի տնտեսությունների: