7 օգոստոսի 2012 - 13:20 AMT
«Հայասա». Վահե Ավետյանի մահը փաստեց, որ երկրում իրավիճակը տագնապալի է

Բելգիայի «Հայասա» Հայ Ուսանողական Միությունը Վահե Ավետյանի մահվան 40-րդ օրվա կապակցությամբ սգո մոմովառություն և տեղեկատվական հանդիպում է կազմակերպել «Հայաստանի քաղաքացին այսօրվա Հայաստանում» խորագրով, որը տեղի է ունեցել ունեցալ «Սուրբ Մարիամ Մագդալենացի» հայկական առաքելական եկեղեցում: Երիտասարդները հայտարարությամբ են հանդես եկել, որտեղ մասնավորապես ասվում է. «Մեզ՝ երիտասարդներիս, հատկապես մտահոգում էր Հայաստանում տիրող վախի, անպատժելիության և թողտվության մթնոլորտը, որտեղ շարքային հայ քաղաքացին հայտնվել է անպաշտպան վիճակում: Վահե Ավետյանի հետ տեղի ունեցած ողբերգությունը հերթական անգամ փաստում է առկա իրավիճակը: Այս դեպքը բացահայտ մարտահրավեր է` նետված մեր հասարակության այն առողջ ուժերին, որոնք չեն դադարում պայքարել օրենքի գերակայության և արդարության համար: Ճակատագրի բերումով, օտար ափերում հայտնված երիտասարդներս՝ չենք կարող անտարբեր մնալ հայրենիքում տիրող անառողջ երևույթների հանդեպ: Իրավիճակը տագնապալի է: Մեծ չափերի հասնող արտագաղթը, սոցիալական անարդարությունը, գործազրկությունը, երկրի ընդերքի վայրի շահագործումը, կաշառակերությունը և բազմաթիվ այլ խիստ բացասական իրողություններ՝ կասկածի տակ են դնում մեր պետականության հետագա գոյությունը»: