7 օգոստոսի 2012 - 17:01 AMT
Արցախի ՊԲ-ն փառազրկել է ադրբեջանական հեքիաթը «խիստ կարևոր բարձունքը գրավելու» մասին և խորհուրդ տվել Բաքվին չդառնալ ստի գերի

Օրերս ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հյուսված հերթական հեքիաթն առ այն, թե իբր այդ երկրի պաշտպանության նախարար Ս. Աբիևի անմիջական ղեկավարությամբ մշակված ռազմագործողության արդյունքում հուլիսի 27-ին Մռով սարի ուղղությամբ գրավել են ռազմավարական նշանակության մի բարձունք, իսկ այստեղ եղած հայ զինվորներից շատերը իբր կամավոր գերի են հանձնվել իրենց, ոչ այլ ինչ է, քան հիվանդ երևակայության արգասիք: Այդ մասին ասվում է Արցախի Պաշտպանության բանկի հայտարարությունում:

«Ավելին, նշված տեղեկատվության բովանդակությունից կարելի է եզրահանգել, որ ինչպես տվյալ հեղինակը, այնպես էլ այդ տեղեկությունը տրամադրած Ադրբեջանի պաշտպանության նախարարության «գաղտնի աղբյուրը» ոչ միայն չունեն տարրական ռազմավարական ու մարտավարական մտածողություն, այլև զուրկ են գոնե աշխարհագրական դիրքը պատկերացնելու ունակությունից: Զավեշտալի է, երբ հոդվածագիրը, հղում անելով այսպես կոչված տվյալ «ռազմագործողությանը» մասնակից սպաներից մեկի վկայությանը, նշում է, թե «գրավված» բարձունքից լավ երևում են «Աղդարան» (Մարտակերտը) և «Քելբաջարը» (Քարվաճառը) և այն բոլոր գործընթացները, որոնք տեղի են ունենում խորքում:

Չնայած անշնորհակալ գործ է նման անլուրջ ապատեղեկատվությանն անդրադառնալը, այդուհանդերձ, հաշվի առնելով տարածված հաղորդագրության հանդեպ հասարակության դրսևորած հետաքրքրությունը, ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը հայտնում է հետևյալը. – իրականում, նախ` ադրբեջանական կողմը բարձունք է զբաղեցրել ոչ թե իր նախկին դիրքի առաջնամասում, այլև թիկունքում: Երկրորդ` այսպես կոչված «ռազմագործողության» արդյունքում նույն այդ «գրավված» դիրքում ադրբեջանական բանակը ոչ թե, ինչպես իրենք են հաղորդում, կորուստներ է պատճառել հայկական զինուժին, այլև հակառակը, միայն հուլիսի 29-ից 31-ն ընկած ժամանակահատվածում հենց իրենք են տվել 1 զոհ և 2 վիրավոր: Երրորդ` «գրավված» բարձունքից ոչ միայն հնարավոր չէ տեսնել Մարտակերտը կամ Քարվաճառը, այլև այն բացի ադրբեջանական քարոզչության կողմից հորինված և սեփական ժողովրդին արհեստականորեն ոգևորելու դատարկախոսություն լինելուց, որևէ կոնկրետ ռազմավարական կամ մարտավարական նշանակություն չունի:

Վերոնշյալն ամփոփելով նկատենք, որ ինչպես միշտ, այս անգամ ևս ադրբեջանական քարոզչությունը, փորձելով իրեն հատուկ ոճով ցանկալին ներկայացնել իրականի փոխարեն, տակավին հայտնվել է իր համար արդեն սովորական դարձած խղճուկ վիճակում: Մի իրողություն, որից դուրս գալու համար հարևան, բայց ոչ բարյացկամ երկրի պետական ու ոչ պետական քարոզչամիջոցներին անհրաժեշտ է ապավինել ոչ թե դատարկ երևակայությանը, այլև դեպքերի իրական զարգացմանը: Հակառակ դեպքում կարծեցյալ օպերացիաների մշակ գեներալ Աբիևի զինվորները «գրավված» բարձունքներից հնարավոր է տեսնեն ոչ թե Մարտակերտն ու Քարվաճառը, այլև իրենց գերագույն գլխավոր հրամանատարի նստավայր Բաքուն»,- ասվում է հայտարարությունում: