Մի քանի րոպե առաջ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ սկսվել է նույն ռեստորանում դաժանորեն ծեծի ենթարկված ռազմական բժիշկ, մայոր Վահե Ավետյանի հիշատակին նվիրված մոմավառություն:
Այսօր Ավետյանի մահվան 40-րդ օրն է:
Արարողությանը ներկա են Ավետյանի գործընկերները, ընդդիմադիր կուսակցությունների, քաղաքացիական նախաձեռնությունների անդամներ, ինչպես նաև կանայք և տարեցներ: Ակցիայի մասնակիցները ձեռքերում պահում են տարբեր գրություններով պաստառներ` «Ավետյանի ծնողների վիշտը հայ ժողովրդի վիշտն է»:
Ոստիկանները ակցիայի մասնակիցներին չեն թողնում ռեստորանի տարածք, դա բացատրելով նրանով, որ ռեստորանի տարածքը մասնավոր սեփականություն է:
Օրենքի պահապանները փակել են դեպի ռեստորանի տարածք տանող բոլոր մուտքերը:
Ինչպես դեպքի վայրից հաղորդել է PanARMENIAN.Net-ի թղթակիցը. Մի քանի րոպեից ակցիայի մասնակիցները երթով կուղղվեն դեպի Ռուբեն Հայրապետյանի տուն:
Ակցիան հանգիստ է անցնում, միջադեպեր չեն գրանցվել:
Աճառյան 29 հասցեում գտնվող ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին ծեծի էին ենթարկվել ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, նույն հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանը և ՊՆ ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանը:
Հունիսի 29-ին, ծեծից հետո այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ՊՆ բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանը: