8 օգոստոսի 2012 - 14:07 AMT
Արմինե Ադամյան. Հայաստանում ներգնա տուրիզմն անցյալ տարվա համեմատ աճել է

Հայաստանում ներգնա տուրիզմն անցյալ տարվա համեմատ աճել է: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի Ներգնա տուրօպերատորների միության նախագահ Արմինե Ադամյանը: «Տուրիզմի աճի պատճառներից մեկը քաղաքական է. տուրիստների մի մասը, ովքեր պատրաստվում էին մեկնել Սիրիա, Լիբիա, Եգիպտոս կամ այլ երկրներ, որտեղ այժմ կայուն քաղաքական վիճակ չէ, ընտրեցին Հայաստանը»,- նշեց նա` հավելելով, որ երկրում վերջին տարիներին նաև կազմակերպվում են զանազան միջոցառումներ, որոնք նպաստում են տուրիստների հոսքի աճին:

Ադամյանի խոսքով` Հայաստանում զարգացած է պատմամշակութային տուրիզմը, քանի որ երկիրը չունի ծով կամ մեծ թվով առանձնահատուկ ամենամյա միջոցառումներ, դիմակահանդեսներ: «Ունենք էկոտուրիզմ` այցելություն արգելոցներ, քարանձավներ և այլն: Ներգնա տուրիզմը դանդաղ տեպմերով, բայց զարգանում է»,- ասաց Հայաստանի Ներգնա տուրօպերատորների միության նախագահը: