8 օգոստոսի 2012 - 14:56 AMT
Երեկ Հալեպում զոհված երկու հայերին, հնարավոր է, սպանել են ապստամբ քրդերը

«Սիրիահայերի աջակցության և օգնության էջին» դիմած սիրիահայ մի տղամարդ, ով այժմ ընտանիքով գտնվում է Հալեպում, փոխանցեց, որ երեկ Հալեպում ընթացող բախումների ժամանակ զոհված 2 հայերը սպանվել են ապստամբ քրդերի կողմից: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց «Սիրիահայերի աջակցության և օգնության էջի» հիմնադիր-ղեկավար, գրող-հրապարակախոս Անահիտ Ադամյանը:

«Մեզ դիմած սիրիահայն ասում է, որ իրենք հստակ չգիտեն` դա եղել է պատահականություն, թե դիտավորյալ է արվել: Հնարավոր է, որ հայերին դրել են կառավարական զորքերի զինվորների տեղ և սպանել են», - ասաց Ադամյանը: Նա նաև ասաց, որ սիրիահայը չի ցանկանում հրապարակել իր ինքնությունը:

Հրապարակախոսը հավելեց նաև, որ համաձայն սիրիահայի խոսքերի` քրդերի այդ խումբը եղել է ոչ թե կառավարական ուժերի կողմից, այլ ապստամբների:

Երեկ Հալեպում ընթացող բախումների ժամանակ երկու հայ սպանվել էր, մեկը` վիրավորվել: Համաձայն որոշ տեղեկությունների` նրանք փորձում էին պաշտպանել Հալեպի հայաբնակ թաղամասերը: