9 օգոստոսի 2012 - 15:53 AMT
Կառավարությունը ՀՄՊ 100 վետերանի հանգստի կազմակերպման նպատակով հատկացրել է 12 մլն դրամ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Վերաբաշխում կատարելով ՀՀ 2012 թ. պետբյուջեում, փոփոխություններ` ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում` ՀՀ կառավարությունը Հայրենական մեծ պատերազմի 100 վետերանի հանգստի կազմակերպման նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացրել է 12 մլն դրամ։ Հաշվի են առնվել վետերանների վաստակը, նրանց մեծ մասի պատկառելի տարիքը և առողջության պահպանման և վերականգնման կարևորությունը։ «Մեր վետերաններին պետության միջոցների հաշվին ամառային հանգստի ուղարկելը դարձել է գեղեցիկ ավանդույթ», - նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Սոցիալական ոլորտին առնչվող ևս երկու որոշումներից առաջինով սահմանվել է, որ կենսաթոշակ նշանակելը մերժելու գործերը երեք տարվա փոխարեն կպահպանվեն հինգ տարի, կհստակեցվեն օրենսդրության մեջ կիրառվող տերմինները, երկրորդով ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացվել է ՔԿԱԳ տարածքային բաժինների էլեկտրոնային կառավարման համակարգի կատարելագործման և գործարկման համար անհրաժեշտ գումարը։

Պատասխանելով ՀՀ վարչապետի հարցին` ՀՀ գյուղատնտեսության առաջին փոխնախարարը տեղեկացրել է, որ այժմ մեր երկիր ներկրվելիք 640 տոննա սերմացուից տեղ է հասել կամ ճանապարհին է 180 տոննան։ Այդ աշխատանքը կավարտվի մինչև օգոստոսի 15-ը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: