10 օգոստոսի 2012 - 15:36 AMT
Տիգրան Սարգսյանը շնորհավորել է շինարարներին մասնագիտական տոնի առթիվ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է գտնվել Շինարարի օրվան նվիրված միջոցառմանը:

Մասնագիտական տոնի առթիվ շինարարներին ուղղված շնորհավորանքի իր խոսքում վարչապետ Սարգսյանը նշել է. «Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Այս մասնագիտական տոնը հնարավորություն է ընձեռում մեզ գնահատական տալու շինարարին, ինչպես նաև արձանագրելու այն նվաճումները և առաջընթացը, որ կա շինարարության ոլորտում: Գաղտնիք չէ, որ հայ ժողովուրդը մշտապես հատուկ հարգանքով է վերաբերվել հենց շինարարին, և շինարարի մասնագիտությունը մշտապես մեր պատմության մեջ արժեվորվել է: Դրա վառ վկայությունն են այն կոթողները, որոնք մենք ժառանգություն ենք ստացել և այն նոր ճարտարապետական շինությունները և լուծումները, որ առաջարկում են այսօր մեր ճարտարապետները և այն հարուստ ժառանգությունը, որ հենց այսօր է կերտվում ապագա սերունդների համար:

Համոզված եմ, որ մենք այս ոլորտում ունենք շատ նշանակալի ձեռքբերումներ, ունենք մեծ ներուժ, և այսօր ես ուզում եմ ցանկանալ մեր բոլոր շինարարներին ստեղծագործ աշխատանք, բարօրություն, այնպիսի աշխատանք, որի արդյունքները մենք բոլորս գնահատելու ենք և որոնք մնալու են որպես ժառանգություն մեր ապագա սերունդների համար»:

Շինարարի տոնի կապակցությամբ, ինչպես նաև երկարամյա ու անբասիր աշխատանքային գործունեության և քաղաքաշինության բնագավառում ներդրած ավանդի համար ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը և Երևանի ճարտարապետաշինարարական պետական համալսարանի շինարարական մեխանիկայի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Էդուարդ Խաչիյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով, ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի բնակարանային քաղաքականության և կո¬մունալ ենթակառուցվածքների վարչության պետ Եվգենյա Աթայանը, «Կամուրջշին» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ-ի տնօրեն Աշոտ Վարդանյանը և ճարտարապետ Էդուարդ Սաֆարյանը խրախուսվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրերով, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: