Օգոստոսի 9-ի երեկոյան արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելությամբ ժամանեց Նոր Զելանդիա Հայաստանի արտգործնախարարն այցելեց Օքլենդի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի թանգարան և ծաղկեպսակ դրեց պատերազմում զոհվածների հուշակոթողին:
Օգոստոսի 10-ին Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Նոր Զելանդիայի ներկայացուցիչների պալատի նախագահ Լոկվուդ Սմիթին: Հանդիպման օրակարգում էին երկու երկրների խորհրդարանների միջև կապերի հաստատումը, միջխորհրդարանական բարեկամության խմբերի ձևավորումը:
Լոկվուդ Սմիթը ներկայացրեց Նոր Զելանդիայում տնտեսական աճն ապահոված բարեփոխումների նախապատմությունը և իրականացման ընթացքը:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն այցելեց Նոր Զելանդիայի Գերագույն դատարան, ուր հանդիպում ունեցավ դատարանի նախագահ հայազգի Դամ Շիան Էլիասի հետ:
Ջերմ և անմիջական մթնոլորտում անցած հանդիպման ժամանակ մտքեր փոխանակվեցին Հայաստանի և Նոր Զելանդիայի միջև համագործակցության զարգացման և այդ գործում հայ համայնքի դերակատարության վերաբերյալ:
Էդվարդ Նալբանդյանի այցելության օրակարգում ներառված էր նաև հանդիպում Օքլենդի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականությունը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ուղղված քայլերը, Նոր Զելանդիա այցի նպատակներն ու արդյունքները: Հայ համայնքի հետ քննարկվեց նաև Հայաստան-Նոր Զելանդիա բարեկամական միություն ստեղծելու հնարավորությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: