14 օգոստոսի 2012 - 11:49 AMT
Նիկոլաս Քեյջն ու Քլինթ Իսթվուդը կարող են ընգրկվել «Անզսպելիները 3»-ում

«Անզսպելիները» կարող է ավելի շատ հանրաճանաչ դերասանների ընդգրկել երրորդ ֆիլմում: Ինչպես հաղորդում է aceshowbiz.com-ը, պրոդյուսեր Ավի Լերները հայտնել է, որ «Անզսպելիները 3»-ում նկարահանելու համար բանակցում է Նիկոլաս Քեյջի, Քլինթ Իսթվուդի և Հարիսոն Ֆորդի հետ:

«Մենք գտնում ենք, որ Քլինթ Իսթվուդը տղերքից մեկը պիտի լինի, քանի որ արդեն պատկերացնում ենք նրա կերպարը: Մենք բանակցում ենք նաև Հարիսոն Ֆորդի հետ և ուզում ենք այդ հարցի շուրջ զրուցել նաև Ուեսլի Սնայփսի հետ, երբ նա վերադառնա բանտից: Ես ձեզ ևս մեկ անուն կտամ. մեր նոր ֆիլմում կնկարահանվի Նիկոլաս Քեյջը»,- ասել է նա Total Film-ի հետ զրույցում:

Բացի այդ, Լերները տեղեկացրել է, որ մտադիր է երրորդ սերիայում հետ բերել Միկի Ռուրկին: «Մենք պատրաստվում ենք ֆիլմ վերադարձնել Միկի Ռուրկին, եթե նա չափազանց խելառ չլինի: Ինձ դուր է գալիս Միկին»,- նշել է պրոդյուսերը:

«Անզսպելիները 2» ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա օգոստոսի 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում: