14 օգոստոսի 2012 - 13:31 AMT
Վրեժ Շահրամանյան. Մինչամուսնական սեռական կյանքը կարող է կանխել անհաջող ամուսնությունների քանակը

Վաղ ամուսնությունները կայուն չեն, պատրաստ չեն բախվելու կենցաղային և այլ բնույթի խնդիրներին: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: «Վաղ ամուսնությունները հաճախ անհաջող են լինում նաև մինչամուսնական սեռական հարաբերությունների բացակայության պատճառով: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ մինչամուսնական սեռական կյանքը կարող է կանխել անհաջող ամուսնությունների քանակը»,- նշեց նա:

Դրա հետ մեկտեղ Շահրամանյանը շեշտեց, որ Հայաստանում կա սեռական դաստիարակության շատ լուրջ խնդիր, որը դեռևս լիարժեք լուծում չի ստացել: «Սեռակրթությունը պետք է սկսել առնվազն ավագ դպրոցից կամ նման դասընթաց ընդգրկել բարձրագույն ուսումնական հաստատությունների առաջին կուրսում: Մի շարք դեպքերում վաղ ամուսնացած զույգը խնդիրներ է ունենում սեռական դաստիարակության պակասի պատճառով»,- ասաց սեքսապաթոլոգը` հավելելով, որ առհասարակ ցանկացած զույգ առողջ ընտանիք ստեղծելու համար պետք է նախքան ամուսնությունը սեքսոլոգիական հետազոտություն անցնի: