15 օգոստոսի 2012 - 15:57 AMT
Էդվարդ Նալբանդյանը Ֆիլիպիններում հանդիպեց երկրի նախագահ Բենիգնո Աքինոյին

Օգոստոսի 15-ին մեկնարկեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Ֆիլիպինների Հանրապետություն:

ՀՀ ԱԳ նախարարի այցելությունն սկսվեց Ֆիլիպինների Ազգային հերոս Խոսե Ռիզալի հուշարձանին ծաղկեպսակի տեղադրման արարողությամբ, որից հետո Մանիլայի քաղաքապետ Ալֆրեդո Լիմը Էդվարդ Նալբանդյանին հանձնեց քաղաքի խորհրդանշական բանալին:

Մանիլայում Հայաստանի արտգործնախարարին ընդունեց Ֆիլիպինների նախագահ Բենիգնո Աքինոն: Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` Ֆիլիպինների նախագահը կարևորեց դիվանագիտական հարաբերությունների քսանամյակի տարում երկկողմ հարաբերություններին նոր լիցք տալու Հայաստանի նախաձեռնությունը՝ հույս հայտնելով, որ ՀՀ արտգործնախարարի առաջին այցելությունը Ֆիլիպիններ նոր թափ կհաղորդի երկկողմ համագործակցությանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանը Ֆիլիպինների ղեկավարին փոխանցեց Հայաստանի Նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները, և ընդգծեց, որ իր այցելության նպատակը ասիական տարածաշրջանում կարևոր դերակատարություն ունեցող երկրի՝ Ֆիլիպինների հետ համագործակցությունը նոր մակարդակի վրա բարձրացնելն է և որ Ֆիլիպինների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ բանակցությունների ընթացքում դրա վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

Ֆիլիպինների նախագահը Հայաստանի արտգործնախարարին պատմեց երկրում իրականացված քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումների արդյունքների և այդ ոլորտներում իրագործվող ծրագրերի մասին:

Արտգործնախարար Նալբանդյանը նախագահ Աքինոյին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ ՀՀ մոտեցումները:

Զրույցի ընթացքում մանրամասն անդրադարձ եղավ երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: