“Շատ լավ և հաղթական տրամադրությամբ եմ վերադարձել Լոնդոնից: Հրման երկրորդ մոտեցման ժամանակ, երբ չհաշվեցին քաշը, զարմացա, բայց երրորդի ժամանակ շատ վստահ ու հոգեբանորեն պատրաստ մոտեցա ծանրաձողին ու կարողացա բարձրացնել ծանրաձողը: Այդ պահին դեռ չէի իմանում, որ բրոնզե մեդալ էի նվաճել”,- ասաց Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և Լոնդոնի Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ նվաճած Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ)
Մարզուհին խոստովանեց, որ իր հարազատ Քասախ գյուղում իրեն անակնկալ էր սպասվում, որին մասնակցում էր գրեթե ողջ գյուղը:
“Այս տարի կամուսնանամ, մեկ տարի կհանգստանամ ու 2014 թվականից կրկին ելույթներս կշարունակեմ: Հիմա իմ առաջնային նպատակն է քաշ հավաքել, որ կարողանամ 190 կգ բարձրացնել, որպեսզի Օլիմպիական չեմպիոն Զուլուլուի և աշխարհի չեմպիոն Կաշիրինայի հետ պայքարեմ ոսկե մեդալի համար: Ցանկանում եմ մինչև 110 կգ քաշ ունենալ”,- ընդգծեց նա:
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն էլ նշեց, որ մի քիչ տխուր է , որ այդքան էլ շատ չեն Օլիմպիադայում նվաճված մեդալները: