17 օգոստոսի 2012 - 16:10 AMT
Արամ Առաջինը կարևորել է օգնությունը Սիրիայի հայերին

Օգոստոսի 16-ին Պիքֆայայի վանքում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ընդունեց Լիբանանի Օգնության Խաչի նոր շրջանային վարչությանն իր ողջ կազմով: Վարչությունը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց առաջիկա շրջանի իր ծրագրերը, որոնցում կարևոր տեղ են գրավում կրթական նպաստը հայ վարժարանների աշակերտներին, օգնությունը կարիքավոր ընտանիքներին, ծերերի խնամքը, ինչպես նաև ընկերաբժշկական Կենտրոնի լայն գործունեությունը:

Վեհափառ Հայրապետը մեծապես գնահատեց Օգնության խաչի կողմից կատարված մարդասիրական ու բարեկամական նվիրված աշխատանքը: Նա հիշեցրեց վարչության անդամներին, որ ոչ մի ծեր, հիվանդ, անկար, որբ անտեր չպետք է մնա: «Նրանց պաշտպանը հայ ազգն ու եկեղեցին է: Հավաքական ճիգով մենք պետք է մեզնից կախվածն անենք օգտակար լինելու բոլոր նրանց, ովքեր իսկապես օգնության կարիք ունեն»,- ասաց Վեհափառ Հայրապետը` հիշեցնելով Սիրիայի հայերին օգնելու կարևորությունը: