20 օգոստոսի 2012 - 13:16 AMT
2012թ հուլիսին տնտեսական ակտիվության տարեկան ցուցանիշը Հայաստանում կազմել է 7.2 տոկոս

2012թ հուլիսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության տարեկան ցուցանիշը կազմել է 7,2 տոկոս: Ընդ որում, ինչպես հաղորդում է Հայաստանի Վիճակագրական ծառայությունը, 2012թ հուլիսին հունիսի համեմատ այս ցուցանիշն ավելացել է 10.3 տոկոսով:

2012թ հուլիսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գներն աճել են 2,3 տոկոսով, ընդ որում, ամսական կտրվածքով գրանցվել է 1.5 տոկոս դեֆլյացիա:

Ի տարբերություն ՀՆԱ ցուցանիշի, տնտեսական ակտիվության ցուցանիշը հաշվարկվում է ըստ իրականացված տնտեսական գործունեության տեսակների, այլ ոչ թե ավելացված արժեքի ծավալների հիման վրա, և չի պարունակում մաքուր արտադրական հարկեր և ֆինանսական միջնորդության ծառայություններ:

2012-ին Հայաստանում բյուջեի տնտեսական աճը նախատեսվում է 4.2 տոկոսի մակարդակում, իսկ ինֆլյացիան` 4±1,5 տոկոսի: