21 օգոստոսի 2012 - 11:11 AMT
«6 օր Սևանի շուրջ» ծրագրի ընթացքում կքննարկվեն Սևանա լճի խնդիրները

Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 1-ը «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ Գեղարքունիքի մարզում կանցկացվի «6 օր Սևանի շուրջ» ծրագիրը։

Ծրագիրը կանցկացվի վրանային ճամբարի ձևաչափով Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ, Սևան քաղաքներին հարակից ափամերձ տարածքներում: Միջոցառմանն ընդհանուր առմամբ կմասնակցի շուրջ 500 ուսանող-երիտասարդ՝ Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներից:

Ինչպես նշում է «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Վահան Դավթյանը, «6 օր Սևանի շուրջ» խորագիրը կրող ծրագրի նպատակը մարզաբնակ երիտասարդների մասնակցության հնարավորությունների ընդլայնումն է, երիտասարդության էկոլոգիական կրթության ապահովումը, հոգևոր-մշակութային, հայրենասիրական դաստիարակության ամրապնդումը։

Վեցօրյա ճամբարի ընթացքում մասնակիցները հանդիպումներ կունենան Գեղարքունիքի մարզի բարձրաստիճան պաշտոնյաների, ԱԺ պատգամվորների և հոգևորականների հետ։ Սեմինար-քննարկումներ կանցկացվեն մի շարք թեմաներով, այդ թվում՝«Գեղարքունիքի մարզի երիտասարդության հիմնախնդիրները, տարածաշրջանային համագործակցություն», «Սևանա լճի հիմնախնդիրները», «Քաղաքական PR և իմիջմեյքինգ», «Երիտասարդների մասնակցությունը հասարակական-քաղաքական գործընթացներին», «Երիտասարդների հոգևոր-մշակութային դաստիարակություն» և այլն։ Երիտասարդները կայցելեն նաև զորամաս, կանցկացնեն ինտելեկտուալ և մարզական մրցույթներ, կկազմակերպվեն ճանաչողական արշավներ դեպի մարզի պատմամշակութային վայրեր, որտեղ կիրականացվեն նաև բնապահպանական ակցիաներ։