21 օգոստոսի 2012 - 18:59 AMT
Վարչապետը շնորհավորել է կաթողիկոսին ծննդյան տարեդարձի առթիվ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ծննդյան տարեդարձի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Վեհափառ Տեր, ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան 61-րդ տարեդարձի առթիվ:

Մաղթում եմ առողջություն, երկարակեցություն, անսպառ ուժ ու եռանդ` Ձեր հայրապետական նվիրական առաքելության իրականացման ճանապարհին:

Ձեր աստվածահաճո նորանոր արարումները, եկեղեցաշինությունը, մեր ազգային դավանանքի դիրքերի ամրապնդումը հայրենիքում և սփյուռքի գաղթօջախներում հայ ազգի շարունակականության գրավականն են: Թող Աստված Ձեզ պարգևի առողջություն, բարօրություն և հաջողություններ Ձեր բոլոր ձեռնարկումներում»: