Տեխնիկական տեսանկյունից ֆինանսական գործարքներ կատարել Իրանի այն քաղաքացիների հետ, ովքեր ներառված են ՄԱԿ Անվտանգության խորհրդի պատժամիջոցների ցուցակում, անհնար է: Այդ մասին Երևանում մամլո ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի ֆինանսական մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանը: «Այդ անունները և ցուցակները կարևոր են մեզ համար, ավելին, նրանք ավտոմատացվել են բոլոր բանկերի համապատասխան ծրագրերում, այսինքն, տեխնիկական տեսանկյունից ծրագրերն ի սկզբանե թույլ չեն տա ինչ-որ համընկնումներ այդ անունների հետ»,- ասել է նա:
Ազատյանը հիշեցրել է, որ ԱՄՆ և եվրոպական երկրների իշխանությունները կոչ են անում իրենց բանկերին զերծ մնալ իրանական բանկերի հետ աշխատանքից: «Կցանկանայի նշել, որ բանկերի բաժնետերերն իրենք են սահմանում շատ խիստ պահանջներ իրենց աշխատողների նկատմամբ` առավելագույնս զգույշ լինել և կասկածի տակ չդնել բանկի հեղինակությունը»,- հավելել է նա: Այդ առումով Ազատյանը նշել է, որ Հայաստանի բանկային համակարգի ակտիվները բավական փոքր են միջազգային չափանիշների համեմատ, և այն դեպքում, եթե Հայաստանն ինչ-որ խնդիրներ ունենա, ապա դա «լրջորեն կազդի ոչ միայն առանձին բանկի հեղինակության վրա, այլ նաև բանկային համակարգի և ողջ երկրի»:
Միաժամանակ, Ազատյանը նշել է, որ Հայաստանը լավ գործընկերային հարաբերություններ ունի Իրանի ֆինանսական մարմինների հետ: «Մենք փոխանակվում ենք անհրաժեշտ տեղեկատվությամբ, հարցումներ ուղարկում, պատասխաններ ստանում: Ասեմ ավելին, Հայաստանը և Ուկրաինան այսօրվա դրությամբ երաշխավոր են Իրանի համար ֆինանսական հետախուզության մարմինների «Էգմոնտ» խմբի մեջ մտնելու ճանապարհին»,- ասել է նա:
Հայաստանի Կենտրոնական բանկը չի հապաղել արձագանքելու այսօր Reuters-ի հրապարակած հոդվածին այն մասին, որ Իրանը փորձում է Հայաստանում ընդլայնել իր բանկերի ներկայությունը` ի պատասխան միջազգային պատժամիջոցների խստացմանը: «Կենտրոնական բանկը խստագույնս հետևում է Հայաստանի ֆինանսական կայունությանը վտանգող ցանկացած երևույթներին»,-ասվում է ՀՀ ԿԲ հայտարարությունում:
Ըստ բանկի տարածած հայտարարության, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերը, գտնվելով Կենտրոնական բանկի վերահսկողության ներքո, գործում են Հայաստանի Հանրապետության օրենքների, Կենտրոնական բանկի նորմատիվ և բանկերի ներքին իրավականակտերի շրջանականերում:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն առաջին հերթին պարտադրում է բանկերին և այլ ֆինանսական կազմակերպություններին իրականացնել բոլոր գործարքների մանրամասն ուսումնասիրություն՝ թույլ չտալու համար միջազգային հանրության կողմից ընդունելի չհամարվող գործառնություններում ներգրավումը:
Ինչ վերաբերում է «Մելլաթ բանկ» ՓԲԸ-ին, ապա այն Հայաստանում գործում է դեռևս 1996թ.-ից, բանկի հաճախորդները հիմնականում Իրան-Հայաստան առևտրաշրջանառության մեջ ներգրավված փոքր և միջին ձեռնարկատերեր են, զբոսաշրջիկներ, ուսանողներ: Բանկի գործառույթները և ակտիվների մեծությունը վերջին 3-4 տարիների ընթացքում կտրուկ նվազել են (բանկի ակտիվները2010թ.-ի դեկտեմբերի 31-ից մինչև 2012թ.-ի հուլիսի 1-ը ընկած ժամանակահատվծում նվազել են ավելի քան 2 անգամ՝ 88 մլնԱՄՆ դոլարից կազմելով 40 մլն ԱՄՆ դոլար). բանկը չունի որևէ թղթակցային հաշիվ ինչպես եվրոպական և ամերիկյան բանկերի,այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի հետ:
Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերը, չունեն թղթակցային հարաբերություններ նաև Իրանում գրանցված բանկերի կամ ֆինանսական կազմակերպությունների հետ:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շարունակելու է խստագույնս հետևել հայաստանյան բոլորֆինանսական կառույցների և նրանց հաճախորդների վարքագծին և իրականացվող գործառույթներին՝ ՀայաստանիՀանրապետության ֆինանսական համակարգը զերծ պահելու համար կայունությանը վտանգող ցանկացած երևույթներից: