22 օգոստոսի 2012 - 14:50 AMT
Հայաստանի ԿԲ. երկրի բանկերը չեն մերժում Սիրիայի քաղաքացիներին հաշվեհամար բացելու հարցում

Հայկական ԶԼՄ-ներում հայտնվող տեղեկատվությունն այն մասին, որ երկրի բանկերը հրաժարվում են սպասարկել Սիրիայի քաղաքացիներին, մասնավորապես, հաշվեհամար բացել կամ փոխանցում իրականացնել, ոչ մի հիմք չունի: Այդ մասին օգոստոսի 22-ին Երևանում մամլո ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ԿԲ ՖՄԿ ղեկավար Դանիել Ազատյանը:

«Բանկերն առաջադրում են որոշակի պահանջներ, այդ թվում` անձի ինքնության ստուգում, համապատասխան փաստաթղթերի առկայություն, հաշվեհամարի բացման նպատակը և այլն: Եթե ինչ-որ խնդիրներ են լինում փաստաթղթերի հետ, ապա բնական է, որ քաղաքացին մերժում է ստանում»,- ասել է նա:

Նրա հաղորդմամբ, այս հարցով ԿԲ է դիմել Սիրիայի մեկ քաղաքացի: Նա նաև հավաստիացրել է, որ հայկական առևտրային բանկերը սահմանափակումներ չեն կիրառում Սիրիայի քաղաքացիների նկատմամբ: