23 օգոստոսի 2012 - 09:52 AMT
«Ժողովուրդ». Գյուղնախարարության կաշառակերության մեջ մեղադրվող աշխատակիցները շարունակում են աշխատել

Օրեր առաջ «Ժողովուրդը»գրել էր , որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը կաշառք վերցնելու մեղադրանք է առաջադրել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) մի քանի աշխատակիցների: Համաձայն լուրերի` «6»-րդ վարչությունը պարզել էր, որ ՍԱՊԾ աշխատակիցները Երևանի մի շարք հացի և խմորեղենի արտադրամասերում ստուգումներ չանցկացնելու համար 2009-2012թթ. ընթացքում արտադրամասերի տնօրենների հետ պայմանավորվածություն են ձեռք բերել և տարբեր ժամանակներում տարբեր չափերի կաշառք ստացել:Բայց, չնայած սրան, կաշառակերության մեջ մեղադրվող մարդիկ շարունակում են աշխատել ծառայությունում: Ինչո՞ւ նրանք չեն ազատվում աշխատանքից: «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան` ՍԱՊԾ պետ Աբրահամ Բախչագուլյանը պարզաբանել է. «Նրանք քաղծառայող են, և ծառայությունը պետք է ստանա համապատասխան փաստաթուղթ, որպեսզի կարողանա աշխատակիցների լիազորությունները դադարեցնել: Քանի որ «Քաղծառայողի մասին» օրենքում հստակ ֆիքսված է, թե երբ է նա դադարում քաղծառայող լինելուց և ազատվում աշխատանքից»: