24 օգոստոսի 2012 - 11:51 AMT
Նորվեգական փոստում կորցրել են Ռեմբրանդտի փորագրությունը

Նորվեգիայի Սոլի Բրյուգ պատկերասրահը փոստում կորցրել է Ռեմբրանդտ վան Ռեյնի փորագրությունը: Ինչպես հաղորդում է Reuters-ի թղթակիցն Օսլոյում, պատկերասրահը փորձել է գումար խնայել առաքիչի և ապահովագրության վրա: Այդ մասին հինգշաբթի օրը հայտնել է Օսլոյից 80կմ հարավ` Գրիաքեր քաղաքում գտնվող պատկերասրահի տնօրենը:

Պատկերասրահը Ռեմբրանդտի շուրջ 1658թ. կատարված «Լիվեն Ուիլեմշ վան Կոպենոլ գեղագրի դիմանկարը» ձեռք էր բերել բրիտանացի դիլերից և արդյունքում կորցրել այն նորվեգյան փոստային համակարգում: «Առաքիչ կամ հատուկ ապահովագրություն օգտագործելը չափազանց թանկ արժե, ուստի մենք մինչ օրս սովորական փոստից էինք օգտվում,- ասել է պատկերասրահի տնօրեն Ուլե Դայան: -Այն մոտ 40-50 հազ. կրոն ($6 900 - $8 600) արժե, իսկ փոստային ծառայությունը մեզ 500 – 1 000 կրոն հատուցում է առաջարկում»:

Դայան ասել է, որ իր պատկերասրահը, որը ցուցադրում է Դյուրերի, Ռեմբրանդտի, Գոյայի, Մունկի և Դալիի աշխատանքներ, տեղեկություն ստացավ ծանրոցի առաքման մասին, բայց երբ աշխատակիցը մեկնեց այն վերցնելու, ծանրոցն այլևս չկար: Դայան հրաժարվեց նշել վաճառողի անունը` ելնելով գաղտնիության սկզբունքներից:

«Մենք ափսոսում ենք կատարվածի համար, մենք խորհուրդ էինք տվել պատկերասրահին փոստի ավելի ապահով տարբերակ օգտագործել նման արժեքավոր իրերի տեղափոխման պարագայում` գումարած համապատասխան ապահովագրությունը»,- ասել է փոստային ծառայության մամլո պատասխանատու Հիլդ Էբելթուֆթ-Սկագրյուդը: