24 օգոստոսի 2012 - 15:14 AMT
Հայաստանի և Իսրայելի ցեղասպանության թանգարանները կհամագործակցեն

Հայաստանի և Իսրայելի ցեղասպանության թանգարանները կհամագործակցեն: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Իսրայելի Պետության սփյուռքի և տեղեկատվության նախարար Յուլի (Իոել) Էդելշտեյնը: Օգոստոսի 22-ին պաշտոնական այցով Երևանում գտնվող Իսրայելի պատվիրակությունն այսօր առավոտյան այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ: «Թանգարանի հուշամատյանում գրառում կատարելուց ես թանգարանի ղեկավարությանն առաջարկեցի համագործակցել Երուսաղեմում Հոլոքոստի «Յադ Վաշեմ» թանգարանի հետ: Մեր երկու ժողովուրդները մարդկային այդ ոճիրի զոհն են դարձել և այժմ մենք մեր պատմության ցավոտ էջերը հանրությանը մատուցելու խնդիր ունենք: Ես կարծում եմ, որ թանգարանների փոխգործակցությունը արդյունավետ կլինի ցուցանմուշների ընտրության, ցուցասրահի կազմակերպման և առկա նյութերի ներկայացման հարցում փորձի փոխանակության տեսակետից»,- նշեց Էդելշտեյնը` հավելելով, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Երուսաղեմում Հոլոքոստի «Յադ Վաշեմ» թանգարանի միջև համագործակցության ծրագիրն արդեն մշակվում է: