Հալեպի քրիստոնեական թաղամասերը շարունակում են մնալ կառավարական ուժերի հսկողության ներքո: Միջազգային գործակալությունների եւ սիրիական պաշտոնական աղբյուրների այս տեղեկությունը հաստատում են նաեւ Հալեպի հայերը: Հայաբնակ թաղամասերի իրավիճակին անդրադառնում են նաեւ արեւմտյան լրատվամիջոցները: «France presse»-ի տեղեկություններով` քրիստոնյաներով բնակեցված թաղամասերում ամենակատաղի մարտերը ծավալվել էին երկուշաբթի եւ երեքշաբթի օրերին:
«France presse»-ը տեղեկացնում է, որ ռազմական գործողությունները հիմնականում ծավալվել էին հայերով բնակեցված Սուլեյմանիե, ինչպես նաեւ քրիստոնեական մեկ այլ` Թելալ թաղամասում:
«Բանակը ստիպված էր ետ գրավել այս թաղամասերը, քանի որ քաղաքի այս շրջաններում գտնվող տներից շատերը ստորգետնյա թունելներով կապված են Հալեպի վրա գերիշխող դիրք ունեցող ամրոցի հետ», - ասել է ականատեսներից մեկը:
Գործակալությունը տեղեկացնում է, որ բանակի և ապստամբների միջև տեղի ունեցած կատաղի մարտերի ավարտին քրիստոնեական թաղամասերի հսկողությունն անցել է տեղական ինքնապաշտպանական ջոկատներին. - «Այդ ամենն այնքան էլ լավ կազմակերպված չէ, բայց կան երիտասարդներ, հատկապես հայկական թաղամասերում, ովքեր հսկում են շինությունները` պաշտպանելով դրանք նոր ներխուժումից», -փոխանցում է գործակալությունը: