27 օգոստոսի 2012 - 11:10 AMT
Samsung-ի ակցիաներն անկում ապրեցին` Apple-ի հետ պայքարում կրած պարտության պատճառով

Հարավկորեական Samsung Electronics ընկերության ակցիաները Սեուլի ֆոնդային բորսայում առաջին իսկ ժամերից գրանցեցին 7 տոկոս արժեզրկում: Սա 2008-ից սկսած Samsung-ի արժեթղթերի խոշորագույն գնանկումն է, հաղորդում է Բի-բի-սին: Փորձագետները նման իրավիճակը բացատրում են Apple-ի հետ պատենտային պայքարում կրած պարտությամբ:

Օգոստոսի 24-ին Կալիֆորնիայի Դաշնային դատարանը հաստատել է, որ Samsung-ը խախտել է Apple ընկերության մի շարք պատենտներ և պարտավորեցրել հարավկորեական ընկերությանը ամերիկյան մրցակցին վճարել 1.05 մլրդ դոլար փոխհատուցում:

Samsung-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ դատարանի որոշումը կվնասի ոչ միայն հարավկորեական ընկերությանը, այլ նաև կանդրադառնա ամերիկյան սպառողների վրա: