27 օգոստոսի 2012 - 13:13 AMT
Ֆրանսիայի դպրոցական դասագրքերում կհայտնվի Հայոց ցեղասպանությանը նվիրված գլուխ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի աշխատակազմի որոշմամբ, պատմության և աշխարհագրության դասագրքերում այսուհետև կընգրկվի Հայոց ցեղասպանության մասին գլուխ: Ինչպես գրում են թուրքական ԶԼՄ-ները, Ֆրանսիայի կրթության նախարարի այդ որոշումը կարող է կրկին բացասական ազդել Ֆրանսիայի և Թուրքիայի հարաբերությունների վրա, որը Օլանդի նախագահության օրոք մեծ հույսեր ուներ վերականգնել Փարիզի հետ հարաբերությունները:

Հայոց ցեղասպանությունը ներառված է նաև ֆրանսիական բուհերում համաշխարհային պատմության ուսումնասիրման ծրագրում:

Թուրքիայի կրթության նախարարության պաշտոնյաներն ի պատասխան հայտարարել են, որ մտադիր են մանրամասն ուսումնասիրել Հայոց ցեղասպանության մասին գլուխը «Թուրքիային վարկաբեկող պահերի» հետ կապված, նախքան Ֆրանսիային դիվանագիտական պատասխան ուղարկելը:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ քվեարկեց ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Փետրվարի 29-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը օրինագիծը ճանաչեց ոչ սահմանադրական: Գրեթե անմիջապես Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հանձնարարեց կառավարությանը նախապատրաստել նոր օրինագիծ:

Նախընտրական արշավի ժամանակ նախագահ Սարկոզին խոստացավ, որ ընտրվելու դեպքում օրինագծի նոր խմբագրությունը կներկայացվի արդեն հունիսին:

Այժմյան նախագահ Ֆրանսուա Օլանդը ևս խոստացել է նպաստել օրինագծի ընդունմանը: