27 օգոստոսի 2012 - 13:07 AMT
«Վահե Ավետյան» հասարակական շարժումը հանրային արդարության տրիբունալ է ստեղծում

«Վահե Ավետյան» հասարակական շարժումը հանրային արդարության տրիբունալ է ստեղծում:

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ՝ ընթերցելով նախաձեռնության կազմած հայտարարությունն, ասաց նախաձեռնության անդամ Գարեգին Չուգազսյանը:

Նախաձեռնության հայտատարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանի Հանրապետությունում առկա արդարության ճգնաժամի, մասնավորապես, իրավապահ և արդարադատության մարմինների ու պաշտոնատար անձանց հանցավոր անգործության, հանցագործությունները դիտավորությամբ և համակարգված կերպով կոծկելու և դրանք կատարող անձանց հովանավորելու պայմաններում Հանրային արդարության տրիբունալ ստեղծելու անհրաժեշտության մասին։

Հանրային արդարության տրիբունալի հիմնական գործառույթներից պետք է լինեն.

Իշխանական համակարգի ներկայացուցիչների կամ նրա շահառուների կատարած հանցագործությունների հայտնաբերումը և բացահայտումը, դատաիրավական մարմինների ու պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ առնչվող անձանց գործունեության վերահսկողությունը և նրանց գործողություններին պատշաճ ու հիմնավոր իրավաքաղաքական գնահատականներ տալը:

Բռնարարքների զոհերի արժանապատվության պաշտպանության և հանրության իրազեկման նպատակով մասնագիտական ու հասարակական-քաղաքական եզրակացությունների հրապարակումը:

Արդարադատությունից զրկած հասարակության հոգեբանական վերաբերմունքի ու վարքի ուղղորդումը արժանապատվության և բնական իրավունքների ու արդարության ճանապարհ, որպեսզի կանխվի գործող դատաիրավական համակարգի` հասարակությանը ինքնադատաստանի մղելու ներկայիս աղետաբեր ընթացքը:

Միևնույն ժամանակ, շարժման նախաձեռնող խումբը գործող դատաիրավական մարմիններից ու պաշտոնատար անձանցից պահանջում է կատարել Վահե Ավետյանի սպանության և նրա ընկերներին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի լրիվ, համակողմանի ու անաչառ քննություն, դիտավորյալ գործողություններով արդարադատությունը խափանած ու արդարադատական համակարգը որպես հանցագործության կոծկման և պաշտոնեական հանցագործությունների կատարման գործիք օգտագործելու փորձ կատարող պաշտոնյաներին հիշեցնում է օրենքի առջև նրանց պարտականության ու անհատական պատասխանատվության կանչվելու անխուսափելի հեռանկարի մասին»:

Գ. Չուգազսյանը նշեց նաև , որ մոտ օրերս կկազմակերպվի հանրային ֆորում, որի ժամանակ կքննարկվեն տրիբունալի աշխատանքի հետ կապված հարցերը: