27 օգոստոսի 2012 - 16:50 AMT
Հայաստանն ու Իտալիան կարևորում են ապակենտրոնացված համագործակցության դերը երկկողմ հարաբերություններում

Օգոստոսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իտալիայի ԱԳՆ պետքարտուղար Մարտա Դասսուի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, ողջունելով հյուրերին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ հայ-իտալական բարեկամական կապերը դարերի պատմություն ունեն և լավ հիմք են հանդիսանում արդյունավետ ու բազմոլորտ համագործակցություն ծավալելու համար, և գոհունակությամբ ընդգծեց վերջին տարիների ընթացքում տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության խորացումը և զարգացումը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մարտա Դասսուն ասաց, որ ուրախ է այցելել Երևան քննարկելու երկկողմ համագործակցության առավել զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:

Նախարար Նալբանդյանն ու պետքարտուղար Դասսուն կարևորեցին անցյալ տարեվերջին ՀՀ նախագահի այցելությունը Իտալիա և այդ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց խորհրդարանական դիվանագիտության դերին հայ-իտալական հարաբերությունների զարգացման գործում:

Կողմերը քննարկեցին նաև առևտրատնտեսական, գիտական, մշակութային և զբոսաշրջային ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Էդվարդ Նալբանդյանն ու Մարտա Դասսուն կարևորեցին նաև ապակենտրոնացված համագործակցության դերը երկկողմ հարաբերություններում:

Հանդիպմանը քննարկվեց նաև Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության ներկա ընթացքը, այդ բնագավառում նախատեսվող զարգացումները:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Իտալիայի ԱԳ պետքարտուղարին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Նախարար Նալբանդյանն ու պետքարտուղար Դասսուն քննարկեցին նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի մի շարք հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: