28 օգոստոսի 2012 - 09:41 AMT
«Հրապարակ». Եթե Սերժ Սարգսյանը չհամաձայի Ծառուկյանի պայմաններին, վերջինս կառաջադրի իր թեկնածությունը

«Հրապարակը» գրում է, որ կիրակի օրը արտերկրից վերադարձած ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառո ւկյանը հանդիպել է Մասիսի ԲՀԿ ակտիվի հետ եւ խոսել ոչ միայն Մասիսի քաղաքապետի ընտրությունների, այլեւ առաջիկայում սպասվող նախագահական ընտրությունների մասին:

Նա հայտարարել է, որ նախագահ Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում աջակցելու համար նրա առաջ երկու պայման է դրել ինքը. ԲՀԿ-ին տալ կառավարության 30 տոկոսը եւ վարչապետի փոփոխություն կատարել: «Եթե նա կհամաձայնի իմ պայմանին, ապա մենք կսատարենք նրան, եթե ոչ, ապա ես ինքս կառաջադրվեմ նախագահի թեկնածու»,- իր թիմակիցներին ասել է Գագիկ Ծառուկյանը` հատուկ ընդգծելով, որ ԲՀԿ-ն չի պատրաստվում աջակցել այլ թեկնածուների, այդ թվում Ռոբերտ Քոչարյանին կամ Կարեն Կարապետյանին, որոնց անունները շրջանառվում են որպես ԲՀԿ հնարավոր թեկնածուներ:

Մեր կողմից ասենք, որ այս երկու պայմաններն իրար չեն հակասում, այլ փոխլրացնում են, այն իմաստով, որ Գագիկ Ծառուկյանը կարող է առաջադրվել եւ ընտրություններից հետո ստանալ այն, ինչ պահանջում է Սերժ Սարգսյանին պաշտպանելու դիմաց: Քանզի պաշտպանելը կարող է լինել նաեւ առաջադրվելու տեսքով: