Մոտ տասն օր առաջ ինքնասպան եղած Միշա Քալանթարյանի դեպքի շուրջ տարբեր վարկածներ են շրջանառվում: Ոմանք կարծում են, թե դա բնավ էլ ինքնասպանություն չէ` կատարվածը կապելով 2002-ին տեղի ունեցած Հովիկ Մանուկյանի աղմկոտ սպանության հետ, որի կատարման մեջ Միշա Քալանթարյանն ընդունել էր իր մեղքը, սակայն դատարանը նրան անմեղսունակ էր ճանաչել և ազատել քրեական պատասխանատվությունից: Որոշներն էլ պնդում են, որ դա ինքնասպանություն է և կապ չունի Քալանթարյանի արարքների հետ: Իսկ նրա հարազատ եղբայրը` Փայլակ Հայրապետյանը համոզված է, որ կատարվածը պատահականություն է: Դեպքի հետ կապված «Հրապարակը» զրուցել է նրա հետ.
«-Պարոն Հայրապետյան, մամուլում գրվեց, որ Ձեր եղբոր հետ տեղի ունեցածը գուցե ինքնասպանություն չէ: Ինչպե՞ս է տեղի ունեցել դա, կպատմե՞ք: Ի՞նչը, ըստ Ձեզ, կարող էր 70 տարեկան մարդուն դրդել ինքնասպանության:
-Այո, ես դեպքից հետո եղել եմ այնտեղ, և ինքնասպանության ոչ մի հարց չկա: Նա այնքան էր սիրում ինքն իրեն, իր ընտանիքը: Նա ունի սուրբ ընտանիք, սուրբ երեխաներ, նա ունի սուրբ թոռներ, նա ապրում էր բարձր մակարդակի վրա: Առիթը չկար, որ նա ինքնասպան լիներ, այդպիսի առիթ գոյություն չուներ: Բայց իր մոտ մի սխալ բան ուներ: Ինչպե՞ս է, որ հեռախոսն ամբողջ օրը մեր ձեռքին է, այնպես էլ նրա մոտ իր զենքն էր ամբողջ օրը ձեռքին: Նստած է եղել, զենքը քանդել է, ինձ թվում է` հավաքելու ժամանակ փողի մեջ փամփուշտ է մնացած եղել, և հենց դա էլ կրակվել ա:
-Այսինքն` Դուք կարծում եք, որ դա զուտ պատահականությո՞ւն է:
-Այո, զո՛ւտ պատահականություն, ես կասեի`շատ պատահականություն: Նա ինքնասպան լինելու ոչ մի պատճառ չուներ: Չորս երեխա ուներ, չորսն էլ սուրբ, բոլորն էլ ամուսնացած: Ինքն ապրելու մեջ շատ ճոխ էր: Իր ապրելակերպն այսօր շատ քիչ մարդ կարող է ունենալ: Ոչ թե եսիմինչ` լկտի ձևով էր ապրում, այլ ամենաբարոյական կյանքով: Դրա առիթը չկար»: