28 օգոստոսի 2012 - 10:40 AMT
Նոբելյան մրցանակակիրները կդասախոսեն Երևանում

Նոյեմբերի 2-6-ը Երևանում դասախոսություններ կկարդան Նոբելյան մրցանակակիրները: Դասախոսությունները հիմնականում կենսաբժշկության, մոլեկուլային կենսաբանության և հարակից ոլորտներում ներգրավված երիտասարդ գիտնականների և ուսանողների համար են: Նոբելյան մրցանակակաիր երկու գիտնականներ՝ «Ֆիզիոլոգիա և բժշկություն» անվանակարգում Նոբելյան մրցանակ ստացած, ասպետ Թիմ Հանթը և «Քիմիա» անվանակարգում Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարտին Չալֆին կանդրադառնան մարդկության չարիք դարձած քաղցկեղ հիվանդության առաջացման պատճառներին:

Դասախոսությունների կազմակերպման նպատակը ժամանակակից կենսաբժշկության և մոլեկուլային կենսաբանության նվաճումների ու խնդիրների ասպարեզում երիտասարդ գիտնականների տեղեկացվածության մակարդակը բարձրացնելն է: Բացի այդ, ծրագրի միջոցով միջազգային գիտական հանրությանը կներկայացվի ՀՀ գիտական ներուժը, և կբարձրացվի վերջինիս մրցունակությունը։ Ծրագիր կազմակերպիչներն են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը:։