28 օգոստոսի 2012 - 18:07 AMT
ՀՀ նախագահը հրաժեշտ է տվել երկրում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Լիտվայի դեսպանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեդրյուս Ապուոկասի հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

Նշելով, որ հայ-լիտվական հարաբերություններում վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, և երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը որակական նոր մակարդակի է բարձրացել, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ ամենում մեծ է դեսպան Գեդրյուս Ապուոկասի ներդրումը: Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին և հույս հայտնել, որ մեր երկրում Լիտվայի հաջորդ դեսպանը կկարողանա արձանագրված առաջընթացը պահպանել և ավելի զարգացնել:

Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել եվրաինտեգրման ճանապարհին Հայաստանին Լիտվայի ցուցաբերած աջակցությունն ու եվրոպական կառույցների հետ համագործակցության հարցում փորձի փոխանակումը: ՀՀ նախագահը և Լիտվայի դեսպանը կարևորել են հայ-լիտվական համագործակցության զարգացումը նաև ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում: