30 օգոստոսի 2012 - 17:41 AMT
Արծրուն Հովհաննիսյան. Հայաստանը երբեք ՀԱՊԿ ԱԱՀՈւ անցկացման կոնկրետ ժամկետ չի նշել

Հայաստանի Պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանել է ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈւ) «Փոխգործակցություն 2012» զորավարժությունների հետաձգման մասին հաղորդագրությունը: «Հայկական կողմը երբեք պաշտոնապես զորավարժությունների կոնկրետ ժամկետ չի նշել: Մենք ասել ենք սեպտեմբերի կեսին, այդ ժամանակ էլ կանցնեն զորավարժությունները»,-ասել է նա PanARMENIAN.Net.-ի թղթակցին:

Հովհաննիսյանը հավելել է, որ գուցե ՀԱՊԿ-ն տարվա սկզբին իր պլաններն ուներ և զորավարժությունների ժամկետը շեղվում էր այդ ծրագրից:

Ինչ վերաբերում է բուն զորավարժություններին, ապա, ըստ նրա, նախապատրաստական աշխատանքներն այժմ ավարտական փուլում են գտնվում, և արդեն սեպտեմբերի 3-4 ակնկալվում է զորավարժությունների մասնակից առաջին խմբերի ժամանումը: Հովհաննիսյանը հայտնել է նաև, որ ՀՀ ՊՆ-ն առաջիկայում կտեղեկացնի զորավարժությունների մասնակիցների անձնակազմի ու տեխնիկայի հստակ քանակի մասին:

Ինչպես այսօր հայտնել է ՀԱՊԿ մամլո ծառայությունը, ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ «Համագործակցություն 2012» զորավարժությունը, որ կայանալու է Հայաստանում հայտարարված սեպտեմբերի 3-8-ի փոխարեն տեղի կունենա սեպտեմբերի 15-19: Ինչպես հայտնել է ՀԱՊԿ մամլո ծառայությունը, զորավարժությունները հետաձգվել են հայկական կողմի խնդրանքով տեխնիկական պատճառներով:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, զորավարժությունների ժամանակ, որոնք կանցնեն «Բաղրամյան» պոլիգոնում, կմշակվի հարավաքական անվտանգության ուժերի ու միջոցների կիրառումը Կովկասյան տարածաշրջանում: Զորավարժություններին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրզստանի, Ռուսաստանի ու Տաջիկստանի զորամիվորումներն ու հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները, ինչպես նաև Միջազգային Կարմիր խաչի ներկայացուցիչները, ՄԱԿ, ԵԱՀԿ, ԱՊՀ միջազգային դիտորդները: ՄԱսնակիցների ընդհանուր թիվը կհասնի 2000: