30 օգոստոսի 2012 - 17:59 AMT
Համագործակցություն կհաստատվի Հայաստանի մարզերի և Քուվեյթի ալ-Ահմադի նահանգի միջև

Օգոստոսի 30-ին Քուվեյթի Պետությունում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպում է ունեցել Քուվեյթի ալ-Ահմադի նահանգի նահանգապետ դոկտոր Իբրահիմ ալ-Դուայիջի հետ:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում նահանգապետը ներկայացրել է ալ-Ահմադի նահանգում իրականացվող ծրագրերի ընթացքն ու լուսաբանել նահանգի դերը երկրի տնտեսության զարգացման գործում: ՀՀ դեսպանն իր հերթին անդրադարձել է Հայաստանի տնտեսական հնարավորություններին, մասնավորապես` գյուղատնտեսության, զբոսաշրջության, հանքարդյունաբերության, քիմիական արդյունաբերության և ենթակառուցվածքների բնագավառներում առկա ներուժին` ընդգծելով քուվեյթյան կողմի հետ փոխշահավետ համագործակցություն ծավալելու Հայաստանի նպատակադրվածությունը և պատրաստակամությունը: Նահանգապետի ուշադրությանն են ներկայացվել նաև ՀՀ ներդրումային հնարավորություններն ու տնտեսական զարգացման ծրագրերը, ինչպես նաև երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների բնագավառում կատարված աշխատանքներն ու նախատեսվող ծրագրերը:

Հանդիպման ավարտին ալ-Ահմադի նահանգապետը բարձր է գնահատել քուվեյթահայ համայնքի դերը երկրի բարգավաճման գործում` միաժամանակ ցանկություն հայտնելով այցելել Հայաստան ալ-Ահմադի նահանգի և Հայաստանի մարզերի միջև համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: