31 օգոստոսի 2012 - 16:00 AMT
«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ չեն լինի

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Էլինար Վարդանյանի նախագահությամբ այսօր քննարկեց և քվեարկության արդյունքում նպատակահարմար չհամարեց «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի հերթական` երկրորդ ընթերցմամբ քննարկումը: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Հանձնաժողովն այսօրվա նիստում անդրադարձավ «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման նպատակահարմարությանը: Էլինար Վարդանյանի խոսքով` այս նախագիծը բավական կարևոր է, միջազգային նորմերի պահանջ, և առաջին ընթերցումն անցնելուց հետո փաստաթղթի վերաբերյալ ստացվել են զգալի թվով առաջարկություններ: Քվեարկության արդյունքում հանձնաժողովը նպատակահարմար համարեց «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը, սակայն եկավ եզրակացության, որ այն հարկ է հետաձգել մինչև մեկ տարի ժամկետով, մինչև կառավարությունը ներկայացնի առաջարկությունների վերաբերյալ ամբողջական ամփոփաթերթը: «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Հանձնաժողովը որոշեց նախքան եզրակացություն ներկայացնելը խորհրդարանական լսումներ անցկացնել ԱԺ երկրորդ նստաշրջանի ընթացքում: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն ի գիտություն ընդունեց «2011 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցը, որը ներկայացրեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: