31 օգոստոսի 2012 - 20:01 AMT
Սաֆարովի արտահանձնում. Ադրբեջանը, փաստորեն, խաբել է Հունգարիային

Հունգարիայի արդարադատության նախարարությունը մեկնաբանել է Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին:

Ըստ նախարարության, Ադրբեջանը վստահեցրել է Հունգարիային, որ Սաֆարովի պատժաչափը կմնա անփոփոխ: Իսկ երբ հասկացան, որ Ադրբեջանի տարածքում Սաֆարովի պատժաչափը կփոփոխվի ըստ ադրբեջանական օրենսդրության, արդեն շատ ուշ էր:

PanARMENIAN.Net-ի գրավոր հարցմանը պատասխանելով` նախարարությունը հղել է դատապարտյալների հանձնման մասին Ստրասբուրգի 1983թ կոնվենցիան և նշել, որ կոնվենցիայի մասնակից կողմն իրավունք ունի իր տարածքում դատապարտված անձանց հանձնելու, որպեսզի վերջիններս շարունակեն կրել իրենց պատիժն ընդունող երկրի տարածքում: Ընդունող կողմը կարող է պահպանել կամ փոփոխել պատիժը` ըստ իր երկրում գործող իրավաբանական և վարչական օրենքների:

«Քանի որ Ադրբեջանն ընդունել է կոնվենցիայի պայամնները, Հունգարիայի արդարադատության նախարարությունն այսօր իրականացրել է Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին: Ըստ կոնվենցիայի, փոխանցումից հետո դատապարտյալի պատժաչափը որոշվում է նրան ընդունող երկրի օրենսդրությամբ»,-ասվում է նախարարության մեկնաբանությունում:

Նախարարության պատասխանում նաև նշվում է, որ ընդունող կողմը պատժի իրականացման հարցում պետք է սահմանափակվի մեղադրանքի իրավական բնույթով:

Ադրբեջանի արդարադատության նախարարությունը հավաստիացրել է հունգարական կողմին, որ Սաֆարովի մեղադրանքը պարունակում է այնպիսի հանցակազմ, որն ըստ Ադրբեջանի ՔՕ-ի, ենթական է ցմահ ազատազրկման:

Ցմահ ազատազրկման դատապարտված դատապարտյալները կարող են ներման արժանանալ 25 տարուց ոչ շուտ:

Հունգարիայի արդարադատության նախարարությունն ընդգծել է, որ Բուդապեշտը գործել է համաձայն միջազգային իրավունքի նորմերի: