31 օգոստոսի 2012 - 21:56 AMT
Նալբանդյան. Ադրբեջանի համար արդեն սովորական է դարձել միջազգային իրավունքի և բոլոր պայմանավորվածությունների խախտումը

Օգոստոսի 30-31-ը Թեհրանում տեղի ունեցավ Չմիացած երկրների շարժման 16-րդ գագաթաժողովը, որին ներկա էին կազմակերպության 120 անդամ և 17 դիտորդ երկրների բարձրաստիճան պատվիրակությունները, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը:

Գագաթաժողովի աշխատանքներին Հայաստանի պատվիրակությունը գլխավորող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը օգոստոսի 31-ին հանդես եկավ ելույթով, որը որպես գագաթաժողովի պաշտոնական փաստաթուղթ տարածվեց մասնակից պետությունների պատվիրակություններին:

Իր խոսքում նախարար Նալբանդյանը մասնավորապես նշեց. «Հանդիսանալով Չմիացած երկրների շարժման դիտորդ, Հայաստանը կիսում է այդ կազմակերպության արժեքները, որոնք հիմնված են ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների, մարդու հիմնարար իրավունքների հանդեպ հարգանքի վրա»:

Անդրադառնալով արցախյան հիմնախնդրին՝ Էդվարդ Նալբանդյանը դիմելով ներկա բարձրաստիճան պատվիրակություններին նշեց. «Համոզված եմ, որ կարևոր է այս հարգարժան լսարանին ներկայացնել Ադրբեջանի կողմից գագաթաժողովի հայտարարության 391-րդ պարբերության շուրջ իրականացված մանիպուլյացիաների վերաբերյալ իրողությունը: Ադրբեջանը ընդհամենը մեկ տարի առաջ դարձավ Չմիացած երկրների շարժման անդամ, և արդեն փորձում է շահարկելով իր անդամակցությունը, թյուրիմացության մեջ գցել կազմակերպության անդամ երկրներին՝ ուղղորդելով նրանց միջազգային հանրության դիրքորոշումների դեմ:

Այս պարբերությունը հակասության մեջ է մտնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի տրամաբանությանը, ոգուն ու ձևակերպումներին, որոնք արտացոլված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների ղեկավարների լ՛Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում և Լոս – Կաբոսում ընդունված հայտարարություններում, ինչպես նաև ԵԱՀԿ շրջանակներում՝ Աստանայի գագաթաժողովի, Հելսինկիի, Աթենքի, Ալմաթիի, Վինլյուսի նախարարական հանդիպումների շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ընդունված հայտարարություններում:

Այս փաստաթղթերը կարևորում են միջազգային իրավունքի երեք սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության՝ որպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման անկյունաքարային տարրեր:

Ցավոք, 391-րդ պարբերությունը անտեսում է ինքնորոշման իրավունքի սկզբունքը և չի օգտագործում միջազգայինորեն ընդունված «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր» եզրույթը:

Նման մոտեցումը ոչ միայն վտանգում է բանակցային գործընթացը և փխրուն իրավիճակը հակամարտության գոտում, այլև հակասում է Չմիացած երկրների շարժման հիմնարար սկզբունքներին: Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը շարժման հիմնադրման օրվանից եղել և մնում է վերջինիս հիմնասյուներից մեկը, որն ընդգծված է բոլոր գագաթաժողովների և նախարարական հանդիպումների փաստաթղթերում:

Ադրբեջանի համար սովորական է դարձել միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը: Այդ առումով որևիցե մեկի համար անակնկալ չէ, որ Ադրբեջանը, հանդիսանալով Չմիացած երկրների շարժման անդամ, շարունակաբար խախտում է «Բանդունգի սկզբունքները»՝ խտրականություն և ազգային ատելություն քարոզելով: Միջազգային կազմակերպությունները բազմիցս համապատասխան գնահատականներ են տվել Ադրբեջանում քսենոֆոբիայի, ռասիզմի և անհանդուրժողականության դրսևորումներին:

Իր ողջ պատմության ընթացքում Չմիացած երկրների շարժումը աջակցել է հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը, մինչ Ադրբեջանը իր ամենօրյա ռազմատենչ հայտարարություններով, ռազմական բյուջեի բազմապատկմամբ՝ քսան անգամ վերջին հինգ տարում, հարձակողական սպառազինությունների հսկայական քանակի ձեռքբերմամբ՝ ի խախտումն իր միջազգային պարտավորությունների, ուժի կիրառման շարունակական սպառնալիքներով՝ վտանգում է ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային կայունությանը և անվտանգությանը: Նման վարքագիծը հարիր չէ Չմիացած երկրների շարժման անդամ պետությանը և ավելին, հարված է հասցնում այս կազմակերպության հեղինակությանը», - ընդգծեց Հայաստանի արտգործնախարարը: