ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի մամլո քարտուղար Թոմի Վիետտորը մեկնաբանել է հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար Հունգարիայում ցմահ բանտարկության դատապարտված Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին հանձնելու և նրան ներելու Ադրբեջանի որոշումը: «Նախագահ Բարաք Օբաման լրջորեն մտահոգված է այն հաղորդագրությամբ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անհապաղ ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից վերդառնալուց անմիջապես հետո: Մենք մեր հիասթափությունն ենք հայտնել Ադրբեջանի իշխանություններին Սաֆարովի վերաբերյալ նրանց որոշման առնչությամբ, որը հակասում է լարվածության նվազեցմանը տարածշրջանում և հաշտեցման հաստատմանը: ԱՄՆ-ն նաև բացատրություններ է ակնկալում Հունգարիայից Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ»:
ԱՄՆ Պետդեպարտամենտը նույնպես դատապարտել է Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիան ու ներումը: «ԱՄՆ-ն չափազանց մտահոգված է Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու որոշման մասին տեղեկությամբ: Մենք նաև մանրամասն տեղեկատվություն ենք ակնկալում Հունգարիայից Սաֆարովի էքստրադիցիայի մասին»:
Ցմահ բանտարկության դատապարտված Սաֆարովը արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ ներում է շնորհել Ադրբեջանի նախագահը: