1 սեպտեմբերի 2012 - 10:20 AMT
«Հրապարակ». Հայկազ Խաչիկյանն ասել է, որ Ախթալայի ծեծկռտուքի պատճառը եղել է վրեժը

Թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ոստիկանությունը հետախուզում է հայտարարել նախորդ օրը երեկոյան Ախթալայում հնչած կրակոցների հեղինակ «Բոլդ» մականունով Արսեն Չիթչյանի 7 Էդգար Հախվերդյանի նկատմամբ: «Հրապարակը» հիշեցնում է, որ օգոստոսի 30-ին Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի անվտանգության ծառայության պետ Արսեն Չիթչյանը և Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ Էդգար Հախվերդյանը հարձակվել էին Հայկազ Խաչիկյանի հայրական տան վրա, կոտրել, ջարդուփշուր արել տան գույքը, ապա կրակոցներ արձակել բակում կայանված մեքենայի ուղղությամբ: Խաչիկյանի եղբոր որդին` Կարեն Խաչիկյանը, վերադառնալով և տեսնելով տան վիճակը, Հայկազ Խաչիկյանի հետ գնացել է Արսեն Չիթչյանի բնակարան և հաշվեհարդար տեսել նրա ընտանիքի անդամների հետ, որոնք նույնիսկ հիվանդանոց են տեղափոխվել: Դեպքի երեկոյան ոստիկանություն էին տարվել մի խումբ քաղաքացիներ, այդ թվում նաև քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը, որը, սակայն, բաց էր թողնվել: Մամուլում արդեն գրվեց, որ տեղի ունեցածը վրեժխնդրության հողի վրա է եղել: Այն անմիջականորեն կապված է Խաչիկյան եղբայրների և մանկապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանի միջև եղած լուրջ հակասությունների հետ: Վրեժխնդրության փաստը հաստատում է նաև Հայկազ Խաչիկյանը` չմանրամասնելով հանգամանքները»: