1 սեպտեմբերի 2012 - 13:46 AMT
ANCA-ն ողջունում է Հունգարիայի ու Ադրբեջանի իշխանությունների դատապարտումը Օբամայի կողմից

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) ողջունում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջան էքստրադիցիայի մասին, որը 2004թ. Բուդապեշտում կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին, և որին Բաքուն վերադառնալուն պես ներում շնորհվեց:

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի մամլո քարտուղար Թոմի Վիետտորը մեկնաբանել է հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար Հունգարիայում ցմահ բանտարկության դատապարտված Ռամիլ Սֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին հանձնելու և նրան ներելու Ադրբեջանի որոշումը: «Նախագահ Բարաք Օբաման լրջորեն մտահոգված է այն հաղորդագրությամբ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անհապաղ ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից վերդառնալուց անմիջապես հետո: Մենք մեր հիասթափությունն ենք հայտնել Ադրբեջանի իշխանություններին Սաֆարովի վերաբերյալ նրանց որոշման առնչությամբ, որը հակասում է լարվածության նվազեցմանը տարածշրջանում և հաշտեցման հաստատմանը: ԱՄՆ-ն նաև բացատրություններ է ակնկալում Հունգարիայից Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ»:

ԱՄՆ Պետդեպարտամենտը նույնպես դատապարտել է Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիան ու ներումը: «ԱՄՆ-ն չափազանց մտահոգված է Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու որոշման մասին տեղեկությամբ: Մենք նաև մանրամասն տեղեկատվություն ենք ակնկալում Հունգարիայից Սաֆարովի էքստրադիցիայի մասին»,-հայտարարել է մամլո քարտուղար Պատրիկ Վենտրելը:

ANCA նախագահ Քեն Խաչիկյանը Օբամային հասցեագրված նամակում նշել է, որ «այդ վայրագ սպանության փաստերը հայտնի են: Սա շատ կարևոր է մեր կառավարության համար, որը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ է: Մենք պահանջում ենք անհապաղ կրկին դատապարտել Սաֆարովին ցմահ բանտարկության: ԱՄՆ ուժեղ պատասխանի բացակայությունն այդ անարդարությանը խարխլում է խաղաղության հեռանկարներն ու ոգևորում է մինչև ատամները զինված Ադրբեջանի կառավարությանը, որը դրդում է իր քաղաքացիներին բռնության ու սպառնալիքների»:

Հազարավոր ակտիվիստներ արդեն իսկ արձագանքել են Facebook-ում և www.anca.org. զետեղված ANCA հայտարարությանը: Ակտիվիստները կոչ են անում նախագահ Օբամային դատապարտել Սաֆարովի էքստրադիցիան և իրենց բացասական վերաբերմունքն են հայտնում Հունգարիայի իշխանությունների հանդեպ: