Առավոտյան ժամը 11.00-ից Երևանում Հունգարիայի պաշտոնական հյուպատոսարանի դիմաց տասնյակ քաղաքացիներ են հավաքվում` իրենց վրդովմունքն արտահայտելու երեկ ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջան էքստրադիցիայի ենթարկելու և ազատ արձակելու Ադրբեջանի նախագահի որոշման առնչությամբ:
Մի քանի տասնայակ քաղաքացիներ արդեն հավաքվել են և շարունակվում են հավաքվել հյուպատոսարանի մոտ, նրանց թիվն արդեն հասել է մոտ 100-ի: Ակցիայի մասնակիցները հյուպատոսարանի պատին են փակցրել «Տարածքը տրվում է վարձով» և «Հունգարիա, դավայ դասվիդանիա» և « Pay 3 bln and buy a murder» գրությամբ պաստառները: Որպես Հունգարիայի հանդեպ վրդովմունքի արտահայտում ակցիայի մասնակիցները հյուպատոսարանի դիմաց կոպեկներ են նետում, շենքի մոտ նրանք նաև կարմիր բիբարներ են շարել (կարմիր բիբարը Հունգարիայի խորհրդանիշերից մեկն է - խմբ.): Վերջում ակցիայի մասնակիցները նաև ձվեր են նետել հյուպատոսության շենքի վրա:
Ի դեպ, նույն առթիվ ակցիա է կազմակերպված նախագահականի դիմաց, որը մեկնարկել է նույնպես 11.00-ին: