1 սեպտեմբերի 2012 - 12:55 AMT
Ռամիլ Սաֆարովի գործով տուժող Հայկ Մակուչյանը դիմելու է եվրոպական ատյաններին

Հունգարիայի դատարանի կողմից Ռամիլ Սաֆարովի գործով տուժող ճանաչված Հայկ Մակուչյանն այժմ խորհրդակցում է իրավաբանների հետ, որպեսզի դիմի համապատասխան ատյաններին նաև իր խախտված իրավունքը վերականգնելու համար: «Սաֆարովին ազատ արձակելով խախտվել են նաև իմ իրավունքները: Ներկայումս ես ինտեսիվ խորհրդակցություններ եմ անցկացնում հետագա քայլերը հստակեցնելու համար»: Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների քայլերին, Մակուչյանն ասաց, որ Հունգարիայի իշխանությունները հայտարարել էին, որ չեն արտահանձնի Սաֆարովին, ամեն ինչ շատ անսպասելի էր և ինքը չի կարող որևէ գնահատական տալ Հայաստանի իշխանությունների քայլերին.«Գերատեսչություններին գնահատական տալը իմ գործը չէ, Սաֆարովը դատապարտվել էր ու պետք է կրեր պատիժը: Հայկական կողմը պետք է անընդհատ ձեռքը զարկերակին պահեր, ինչը և արվում էր, սակայն ամեն ինչ շատ անսպասելի եղավ»:

Հիշեցնենք, որ Հայկ Մակուչյանը Գուրգեն Մարգարյանի ընկերն է ու զինակիցը: Նրանք Հունգարիայում միասին են մասնակցել ՆԱՏՕ-ի կազմակերպած անգլերեն լեզվի դասընթացներին: Սպանության գիշերը, Սաֆարովը նաև Հայկին է փնտրել, և միջանցքում գոռացել է, որ սպանելու է բոլոր հայերին: Մինչ ոստիկանների ժամանելը նա կացնով հարվածել է նրա սենյակի դռանը: Հունգարական դատարանը գտել է, որ դա մահափորձ է եղել և գործով տուժող է ճանաչել նաև Հայկ Մակուչյանին: Հայկ Մակուչյանի խոսքով` Ռամիլ Սաֆարովի ադրբեջանցի ընկերը, որը այդպես էլ ոչ մի անգամ չհարցաքննվեց, կարող էր շատ բան պատմել կատարվածի մասին, սակայն ադրբեջանցիներն ամեն ինչ արել են, որ նրան չհարցաքննեն: