1 սեպտեմբերի 2012 - 15:29 AMT
Ռաֆի Աբդուլ Ջաբար. Մարդասպանին «հերոսացնելուց» հետո, ոչ մի հավատացյալ մահմեդական ադրբեջանցու կողքին չի կանգնի

Հունգարիայում կատարված դեպքն ու ոճրագործի ներումը Ադրբեջանում ևս մեկ քայլ է, որը միայն կմեծացնի անդունդը հայ և ադրբեջանցի ժողովրդների միջև, գրում է «Միասնական Կովկաս» երիտասարդական վեհաժողովի անդամ, ՌԴ Ռոստովի «Դոնի աֆղանական միավորում» տարածաշրջանային կազմակերպության փոխնախագահ Ռաֆի Աբդուլ Ջաբարը:

Ըստ նրա, վայրագ սպանությունը, և ադրբեջանական հանրության արձագանքը, այն է՝ ոճրագործի ներումն ու նրան «հերոս» կարգելը, վկայում են այն մասին, որ Ադրբեջանը տրամադրված չէ Հայաստանի հետ բարեկամական երկխոսության: Այս ամենը մտքեր է առաջացնում երկրորդ Ղարաբաղյան պատերազմի մասին: «Մեկ բան կարող եմ ասել՝ դրանից չի շահի ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստանը»,-ասել է Ջաբարը:

«Գաղտնիք չէ, որ ադրբեջանական կողմը հուսով է ստանալ Կովկասի ու Աֆղանստանի մահմեդականների աջակցությունը, սակայն, կարծում եմ, աջակցություն չի լինի: Դա պարզ դարձավ նաև ղարաբաղյան հակամարտության նախկին փորձից, երբ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական գործողություններին մասնակցում էին չեչեն և աֆղան մոջահեդները: Հեռանալով, նրանք ասում էին.«Այն, ինչ այստեղ կատարվում է, ջիհադ չէ»: Եվ հետո, մարդասպանին «հերոս» հռչակելուց հետո, ոչ մի հավատացյալ մահմեդական ադրբեջանցու կողքին չի կանգնի, քանի որ Ղուրանում ասվում է. «Նա, ով մարդ է սպանել, չպաշտպանելով իր կյանքը, ընտանիքը կամ գույքը, նման է նրան, ով սպանում է ողջ մարդկությանը»: Ճշմարիտ մահմեդականը պետք է դատապարտի, ոչ թե գովաբանի մարդասպանին, այն էլ քնած մարդուն սպանածին»,-ասել է Ջաբարը:

Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար ցմահ բանտարկության դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը երեկ Հունգարիայի կողմից Ադրբեջանին է արտահանձնվել և Ադրբեջանի նախագահի կողմիցն նրան ներում շնորհվել: