3 սեպտեմբերի 2012 - 12:18 AMT
Ալեքսանդր Ցինկեր. Հանցագործին ներում շնորհելը փաստորեն հայի սպանության ինդուլգենցիա է

Բուդապեշտում հայ սպային սպանած Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու և ներում շնորհելու մասին նորությունը բոլորին շոկի մեջ է գցել: Անհասկանալի է, թե ինչպես կարող էր սառնարյուն մարդասպանն արդարացվել քաղաքակիրթ երկրում: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ին Ընտրական համակարգերի միջազգային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը, Ադրբեջանի ղեկավարությունը փաստացի կերպով խրախուսում է ազգային հողի վրա կատարված սպանությունը: «Դա հիշեցնում է պաղեստինյան ղեկավարության գաղափարախոսությունը և քաղաքականությունը: Արաբ ահաբեկիչները, որոնք սպանում են Իսրայելի խաղաղ բնակիչներին, հետո Պաղեստինում դառնում են ազգային հերոսներ: Ոչ մի տարբերություն չեմ տեսնում»,- ասել է նա:

Քաղաքագետը նաև նշել է, որ հանցագործին ներում շնորհելը շատ վտանգավոր նախադեպ է, դա փաստորեն հայի սպանության ինդուլգենցիա է: «Դա մի կողմից վախեցնում է, մյուս կողմից հարցեր առաջացնում` կարող են արդյոք այդ երկու երկրները, այսինքն Հայաստանը և Ադրբեջանը, հանգել են ինչ-որ խաղաղ քաղաքակիրթ համաձայնության: Զարմանք է հարուցում այն փաստը, որ առաջատար ռուսական ԶԼՄ-ները և քաղաքական գործիչները շրջանցել են այդ միջադեպը»:

Ցինկերի կարծիքով, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կոշտ արձագանքը տեղին էր: «Բայց հիմա պետք է հանգիստ, առանց զգացմունքների բարձրացնել այդ հարցը եվրոպական կառույցներում: Հայաստանը` որպես Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ լիիրավ անդամ, իրավունք ունի պահանջել կատարվածի մանրամասն ուսումնասիրություն: Լիովին հավանական է, որ անհրաժեշտ է իրավաբանական ուղղումներ կատարել միջազգային իրավունքի մեջ ապագայում նման միջադեպերը բացառելու համար»:

«Ներկա պայմաններում ԵԱՀԿ Մինսկի խմբի արդյունավետ աշխատանքը հարցականի տակ է մնում: Հայաստանը, չցանկանալով արգելակել Մինսկի խմբի աշխատանքը, երկար ժամանակ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Բայց հիմա, հնարավոր է, եկել է դրա ժամանակը»,- ասել է քաղաքագետը: