3 սեպտեմբերի 2012 - 11:04 AMT
Հունգարիան իրեն թուրքական երկիր է համարում, կարծում է եվրոպացի փորձագետը

Հայ սպա Գուրգեն Մարգարյանին գազանաբար սպանած Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին հանձնելն ունի ոչ այնքան երկարաժամկետ միջազգային, որքան PR հետևանքներ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտարարել է Քաղաքական վերլուծության եվրոպական կենտրոնի տնօրեն Մատեուշ Պիսկորսկին: Նրա խոսքով, Հունգարիայի համար, որը չէր սպասում դեպքերի նման զարգացում, ամենից առաջ հերթական հարված է երկրի հեղինակությանը, առավել ևս, որ Բուդապեշտի պատասխաններն այդքան վստահ չեն հնչում, իսկ հայկական կողմն ունի բավական հզոր աջակցություն, այդ թվում նաև ԱՄՆ պետդեպարտամենտը:

«Ռամիլ Սաֆարովի գործը, ով նախկինում անհայտ մարդասպան էր, սկսել են քննարկել եվրոպական ԶԼՄ-ները: Ադրբեջանի համար PR հետևանքներն ակնհայտ են, բայց հաշվի առնելով Բաքվի մոտեցումը, դա հատկապես չի հուզում ադրբեջանական ղեկավարությանը: Իլհամ Ալիևի որոշումն ամենից առաջ ապացուցում է, որ ժամանակակից Ադրբեջանն իր ազգային ինքնությունը կառուցում է արժեքների վրա, որոնք անընդունելի են եվրոպական քաղաքակրթության համար: Պետք է նշել, որ Հունգարիան նույնպես խնդիրներ ունի ժամանակակից ինքնությունը որոշելու հետ կապված. շատ հունգարացի քաղաքական գործիչներ խոսում են իրենց սեփական հունգարական թուրքական ժառանգության մասին, Բուդապեշտում անցկացվում է կուրուլթայ`թուրք ժողովուրդների համագումար: Այս պարագայում բարդ է գնահատել, թե ինչպիսի դեր է խաղացել Ադրբեջանի հետ ընդհանուր «մշակույթի» և ընդհանուր արմատների զգացությունը»,- ասել է Պիսկորսկին: