Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգաշրջանն, ավանդույթի համաձայն, կբացվի Երևանյան միջազգային երաժշտական 6-րդ փառատոնով: Ինչպես նշված է նվագախմբի պաշտոնական կայքում, այս տարի ևս ծրագիրը կներառի սիմֆոնիկ և կամերային երաժշտության համերգներ: Ավանդաբար տեղի կունենան վարպետության դասեր, որոնք լիովին բաց և հասանելի կլինեն երիտասարդ երաժիշտների համար: Փառատոնն այս տարի կհյուրընկալի Բորոդին քառյակին, Միշել Լեգրանին, Սիմոն Տրպցեսկուն, Անդրեաս Ֆրյոլիխին, ինչպես նաև փառատոնի արդեն մշտական հյուրերից` ջութակահար Դայշին Կաշիմոտոյին, դաշնակահար Էշլի Վոսին, միջազգային փայլուն վաստակ ունեցող հայ երաժիշտներ Վահան Մարտիրոսյանին և Սուրեն Բագրատունուն:
Փառատոնը կբացվի սեպտեմբերի 10-ին և կավարտվի հոկտեմբերի 20-ին` Միշել Լեգրանի 80-ամյակին նվիրված տոնակատարությամբ:
Նվագախումբը համերգշրջանին ընդառաջ սեպտեմբերի 2-ին կազմակերպել էր նաև բարեգործական համերգ: